2 Chronicles 6
1 Այն ժամանակ Սողոմոնն ասաց. «Տե՛ր, դու բնակվում ես մառախուղի մեջ,
2 բայց ես տուն շինեցի քո անունով՝ իբրև սրբություն քեզ, պատրաստեցի, որ այնտեղ բնակվես հավիտյան»։
3 Արքան երեսը դարձրեց դեպի ժողովուրդը, օրհնեց ժողովված բոլոր իսրայելացիներին, մինչդեռ նրանք իր շուրջն էին կանգնած, և ասաց.
4 «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որն ինչ որ ասել էր իր բերանով իմ հայր Դավթին, այն էլ կատարեց իր ձեռքով։
5 Նա ասել էր. “Այն օրվանից, ինչ իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսի երկրից, Իսրայելի բոլոր ցեղերից ոչ մի քաղաք չընտրեցի, որ ինձ համար այնտեղ տուն շինվի, որ իմ անունն այնտեղ լինի, ոչ էլ որևէ մեկին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի առաջնորդը լինի։
6 Հիմա Երուսաղեմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, և Դավթին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի վրա լինի”։
7 Իմ հայր Դավիթը ցանկություն ուներ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով տուն շինել,
8 բայց Տերն ասաց իմ հայր Դավթին. “Ցանկանում ես իմ անունով տուն կառուցել. լավ է, որ այդ բանը սրտումդ կա։
9 Սակայն դու չէ, որ ինձ համար տուն պիտի շինես, այլ որդիդ, որ քեզնից է ծնվելու, նա է, որ իմ անունով տուն է շինելու”։
10 Աստված իր ասած խոսքը կատարեց, և ես ահա հորս փոխարինեցի՝ նստեցի Իսրայելի աթոռին, ինչպես Տերն էր ասել, շինեցի Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով այս տունը և
11 այնտեղ դրեցի տապանակն այն ուխտի, որ Տերը կնքեց իսրայելացիների հետ»։
12 Սողոմոնը Իսրայելի բոլոր ժողովականների ներկայությամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջև և տարածեց իր ձեռքերը։
13 (Սողոմոնը պղնձե պատվանդան էր պատրաստել ու դրել տաճարի բակի մեջտեղում։ Նրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն, իսկ բարձրությունը՝ երեք կանգուն)։ Դրա վրա կանգնելով՝ նա Իսրայելի բոլոր ժողովականների առջև ծնրադրեց և ձեռքերը դեպի երկինք տարածելով՝
14 ասաց. «Տե՛ր, Իսրայելի՛ Աստված, չկա քեզ նման աստված երկնքում ու երկրի վրա. դու պահում ես ուխտն ու ողորմածությունը բոլոր նրանց հանդեպ, որոնք ամբողջ սրտով ընթանում են քո առջևից։
15 Դու քո ծառային՝ իմ հայր Դավթին տված խոստումդ կատարեցիր. ինչ որ քո բերանով ասել էիր, այսօր քո ձեռքով կատարեցիր։
16 Արդ, Տե՜ր, Իսրայելի՛ Աստված, կատարի՛ր այն, ինչ խոստացել էիր իմ հորը՝ քո ծառա Դավթին՝ ասելով. “Իմ առջև երբեք մարդ չի պակասելու քեզ համար, որ նստի Իսրայելի գահին, միայն թե քո որդիները չշեղեն իրենց ճանապարհները և ընթանան իմ առջևից, ինչպես դու ես ընթացել իմ առջևից”։
17 Արդ, Տե՜ր, Իսրայելի՛ Աստված, Դավթին ասած խոսքդ թող հաստատվի։
18 Բայց մի՞թե Աստված իրոք բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկինքների երկինքը բավական չեն քեզ տեղավորելու համար, ապա ի՞նչ է իմ շինած այս տունը։
19 Արդ, Տե՜ր, Աստվա՜ծ, ուշադրությո՛ւն դարձրու քո ծառայի աղոթքին ու խնդրանքին, լսի՛ր քո ծառայի՝ քո առջև այսօր արած աղաչանքներն ու աղոթքները,
20 որպեսզի քո աչքն ու միտքը օր ու գիշեր լինեն այս տան վրա՝ այն տեղի վրա, որի համար ասացիր, թե քո անունն ես հաստատելու դրա մեջ, որպեսզի լսես քո ծառայի աղոթքը, որ կանի այս տեղում։
21 Արդ, լսի՛ր քո ծառայի և Իսրայելի քո ժողովրդի խնդրանքը, ինչ էլ որ խնդրեն այս տեղում. լսի՛ր երկնքում՝ քո բնակության վայրում, լսի՛ր ու ողորմա՛ծ եղիր։
22 Եթե մի մարդ մեղանչի իր մերձավորի հանդեպ, ու նրանից պահանջեն, որ նա երդում տա, և նա գա կանգնի քո զոհասեղանի առջև՝ այս տան մեջ,
23 ապա դու երկնքում լսելով՝ կատարի՛ր քո ծառաների դատը, արժանի՛ն հատուցիր անօրենին՝ նրա գլխին թափելով իր արածը, և արդարացրո՛ւ արդարին ու ամեն մեկին հատուցի՛ր ըստ իր արդարության չափի։
24 Եթե Իսրայելը՝ քո ժողովուրդը, քո դեմ մեղանչելու պատճառով թշնամիներից հալածվի, ապա դառնա ու քո անվանը փառք տա, աղոթքի կանգնի ու պաղատի քո առջև այս տան մեջ,
25 դու լսի՛ր երկնքից, քավի՛ր Իսրայելի՝ քո ժողովրդի մեղքերը, վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ նրանց ու նրանց հայրերին ես տվել։
26 Եթե նրանք մեղանչեն քո դեմ, և այդ պատճառով երկինքը փակվի, ու անձրև չգա, բայց այս տեղում քեզ աղոթք անեն, փառաբանեն քո անունը և դարձի գան իրենց մեղքերից, քանի որ խոնարհեցրիր նրանց,
27 դու լսի՛ր նրանց երկնքից, քավի՛ր քո ծառաների և Իսրայելի՝ քո ժողովրդի մեղքերը, նրանց ցո՛ւյց տուր բարի ճանապարհը, որով պետք է ընթանան, և քո ժողովրդին որպես ժառանգություն տվածդ երկրին անձրև՛ պարգևիր։
28 Երբ սով կամ մահ լինի երկրի վրա, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, և երբ թշնամին նրանց նեղի իրենց իսկ քաղաքների շրջակայքում, եթե որևէ համաճարակ կամ հիվանդություն լինի,
29 երբ որևէ մեկը կամ Իսրայելի քո ողջ ժողովուրդը աղոթք կամ պաղատանք անի և իմանալով իր բորոտությունը կամ հիվանդությունը՝ իր ձեռքերը երկարի դեպի այս տունը,
30 ապա դու երկնքում՝ քո բնակության վայրում, լսի՛ր ու բժշկի՛ր և ամեն մեկին տո՛ւր ըստ իր սրտի, ինչպես որ դու ես ճանաչում նրա սիրտը, քանի որ միայն դու գիտես մարդկանց սրտերը,
31 որպեսզի նրանք վախենան քեզնից ու քո ճանապարհներով ընթանան բոլոր այն օրերին, որ կապրեն իրենց հայրերին տրված երկրում։
32 Երբ մի օտարական, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, բայց քո մեծ անվան, քո զորեղ ձեռքի, քո հզոր բազկի համար եկել է հեռու տեղից ու աղոթքի կանգնել այս վայրում,
33 դու լսի՛ր երկնքից՝ քո բնակության վայրից, և արա՛ այն ամենը, ինչ օտարականը կխնդրի քեզնից, որպեսզի աշխարհի բոլոր ժողովուրդները ճանաչեն քո անունը, վախենան քեզնից այնպես, ինչպես Իսրայելը՝ քո ժողովուրդը, և գիտենան, որ քո անունով է կոչվել իմ շինած այս տունը։
34 Երբ քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դեմ այն ճանապարհով, որով դու կուղարկես նրանց, և երբ նրանք աղոթեն քեզ՝ իրենց հայացքն ուղղելով դեպի քո այս ընտրած քաղաքն ու դեպի այս տունը, որ շինել եմ քո անվան համար,
35 երկնքից լսի՛ր նրանց պաղատանքներն ու աղոթքները և պաշտպանի՛ր նրանց իրավունքը։
36 Երբ քո դեմ մեղանչեն (քանի որ մարդ չկա, որ մեղք չգործի), և դու հարվածես նրանց ու թշնամիների ձեռքը մատնես և գերեվարվելով տարվեն թշնամիների հեռավոր կամ մոտիկ երկիրը,
37 և եթե գերության տարված երկրում զղջան, դարձի գան ու քեզ աղաչեն իրենց գերության մեջ՝ ասելով. “Մեղք և անօրենություն ենք գործել”,
38 իրենց ամբողջ սրտով ու հոգով դառնան դեպի քեզ իրենց գերության երկրում և մեր հայրերին տված քո երկրի, քո ընտրած քաղաքի ու քո անվան համար իմ շինած տան կողմը նայելով՝ աղոթեն,
39 երկնքից՝ քո բնակության վայրից, լսի՛ր նրանց աղոթքներն ու պաղատանքները, պաշտպանի՛ր նրանց իրավունքը և ների՛ր քո դեմ մեղանչած ժողովրդին։
40 Արդ, Տե՛ր, թող քո աչքերը բաց լինեն և քո ականջները՝ սուր, որ լսես այստեղ արված պաղատանքները։
41 Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ, դու և քո սրբության տապանակը ելեք եկե՛ք ձեր հանգստության վայրը. քո քահանաները, Տե՛ր, Աստվա՛ծ, քո օգնությունը թող հագնեն, և քո որդիները ցնծան բարության մեջ։
42 Տե՛ր, Աստվա՛ծ, երես մի՛ դարձրու քո օծյալից, քո ողորմությամբ հիշի՛ր քո ծառա Դավթին»։